Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը քննադատել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն խոսքերը, որ Հայաստանում ժողովրդավարության ընթացքի դանդաղումը կապված է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների հետ։
«Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները և նրանց խնդիրները, ու դա արվում է ուղղորդված»,- ընդգծել է Ստեփանյանը:
Նա հայտնել է, որ իշխանական պատգամավորը Freedom House-ի զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացը կամ դանդաղումը կապում է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմիններն զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարություն զարգացնելու հարցում։
«Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը:
Նա հույս է հայտնել, որ Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչները պատեհ առիթով կմեկնաբանեն իշխող ուժի ներկայացուցչի այս հայտարարությունը։
Freedom House-ն ապրիլին իջեցրել էր Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից մինչև 2,25՝ պայմանավորված «գործադիր իշխանության ուժեղացմամբ, կենտրոնական կառավարության՝ ընդդիմադիր քաղաքապետերին բռնազավթելու և իմպիչմենտ անելու երկարամյա միտումով և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության պակասով»։ Հակոբյանն ապրիլի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Հայաստանում ժողովրդավարության վարկանիշի անկումը կապել էր Լեռնային Ղարաբաղի բնակիչների տեղահանության հետևանքների հետ։