Ադրբեջանն Արցախի մի շարք բնակավայրերի դպրոցների և, հատկապես, համայնքային կենտրոնների շենքերն օգտագործում է որպես ոստիկանական, զինվորական հենակետեր և կենտրոնատեղիներ, ահազանգում է Արցախի մշակութային ժառագնության մշտադիտարկում իրականացնող Monument watch ծրագիրը: Ծրագիրը շեշտում է, որ այս քաղաքականությունը նոր թափ է ստացել Արցախի ամբողջական օկուպացիայից հետո:
«2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո, երբ պաշտպանության բանակի զինտեխնիկան ու զինամթերքն առգրավվեց և հանձնվեց Ադրբեջանին, դրանց մի մասը տեղակայվեց Շուշի քաղաքի՝ նախկին Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի բակում, որը, դատելով լուսանկարներից և տեսանյութերից, դարձել էր ադրբեջանական բանակի կառավարման կետերից մեկն օկուպացված Շուշիում»,- հայտնում է նախագիծը:
Նման ճակատագրի է արժանացել Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի շենքը, Մարտակերտի շրջանի Չափար գյուղի դպրոցի շենքը: Այդպիսի կետերի են վերածվել Սառնաղբյուր, Ուխտաձոր գյուղերի համայնքային կենտրոնների շենքերը:
Ծրագիրը փաստում է, որ մշակութային և համայնքային կենտրոնների շենքերը, դպրոցները եթե անգամ ռազմական նպատակով չեն կիրառվում, ապա դրանք ենթարկվել են վանդալիզմի, ինչի մասին են վկայում համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերը:
Մշտադիտարկում իրակացնողները հիշեցնում են, որ ռազմական մարտական դիրքի տեղակայումը քաղաքացիական ենթակառուցվածքներին մոտ կամ վերջիններիս՝ այդ թվում մշակութային ժառանգության, բարեգործությանը նվիրված կառույցների, կրթական կենտրոնների, դպրոցների և հիվանդանոցների օգտագործումը ռազմական նպատակով (ապաստարան, զինապահեստ, զինված խմբի կեցավայր), ըստ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների և քաղաքացիական օբյեկտների պաշտպանության միջազգային կանոնակարգերի, անթույլատրելի է, քանզի էապես կարող է վնասել ժառանգության անձեռնմխելիությանը, որն ամրագրված է Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 9-րդ հոդվածով:
Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրության 6-րդ հոդվածն արգելում է մշակութային արժեքները վերածել ռազմական օբյեկտների կամ օգտագործել այնպիսի նպատակներով, որոնք կարող են դրանք ավերվելու կամ վնասվելու վտանգի ենթարկել։
Մարտի 28-ին ծրագիրը հայտնել էր, որ Բաքուն Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր»: Monument watch-ը նաև փաստել էր, որ Ադրբեջանն Արցախում գտնվող մշակութային ժառանգության բոլոր շերտերը փորձում է «աղվանականացնել»: