ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը մեկնաբանել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից։
Նրա խոսքով՝ «տեղի ունեցողը Ռուսաստանի՝ հուսալի դաշնակից չլինելու վառ օրինակ է»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն եռակողմ համաձայնագրի կողմ չի եղել, ըստ որի՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում դադարեցվել են ռազմական գործողությունները և տարածաշրջանում տեղակայվել են ռուսական զորքեր:
«Մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտար, որ ռուս զինվորականները նպաստել են խաղաղությանը և կայունությանը Հարավային Կովկասում, և անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններն այդ առումով ցուցիչ են։ Սա ևս մեկ օրինակ է, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից կամ գործընկեր չԷ»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռական աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու ջանքերին և որ Միացյալ Նահանգների աջակցությունն այդ գործընթացին շարունակական է։
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ապրիլի 16-ին հայտարարել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին: Նրանց տվյալներով՝ խաղաղապահները լքել են Դադիվանքի հայկական վանական համալիրի տարածքը։ Ապրիլի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկը: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են գտնվում 2020 թվականից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Նրանց այնտեղ գտնվելու ժամկետը, ըստ հայտարարության, ավարտվում է 2025 թվականին։