Աղդամում (Ակնա) ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Կողմերի փոխհամաձայնեցմամբ՝ շարունակվում են աշխատանքներն Աղդամի շրջանում թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի առաքելությունն ավարտելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործընթացը համակարգում են Մոսկվան և Բաքուն։ Այն ստեղծվել է Ղարաբաղում հրադադարի պահպանման և հանցագործությունները ճնշելու նպատակով։
Կենտրոնը բացվել էր 2021 թվականի հունվարի 30-ին՝ Մոսկվայի և Անկարայի միջև կնքված հուշագրի համաձայն։ 2021թ․ սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հարավային Կովկասում անվտանգային երաշխիք էր անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։