Ադրբեջանը հողին է հավասարեցրել օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով), հայտնում է Karabakh Records-ը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ:
Ըստ այդմ՝ եկեղեցին քանդվել է 2024 թվականի փետրվարին: ԶԼՄ-ն նշում է, որ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ջնջում է հայերի բոլոր հետքերն իրենց պապենական հողերից:
Կանաչ ժամը (Կանաչ, որովհետև ժամանակին եկեղեցու գմբեթները կանաչ էին ներկված) կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Գեղեցիկ և լավ պահպանված եկեղեցին՝ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և մատուռի շնորհիվ տեսանելի էր քաղաքի բոլոր հատվածներից, այն կառուցվել է քաղաքի հյուսիսիային հատվածում:
20-րդ դարի 20-ական թվականներին` խորհրդային կարգերի հաստատվելուն պես, ի թիվս մյուս եկեղեցիների, իր գործունեությունը դադարեցնում է նաև Կանաչ ժամը: Մինչև Շուշիի ազատագրումը եկեղեցին ադրբեջանցիների կողմից ծառայել է որպես առողջարանային համալիրի մի մաս:
Եկեղեցին սկսել է կրկին գործել Արցախյան թեմի կազմավորումից հետո՝ 1995 թվականի փետրվարի 23-ից՝ սրբոց Վարդանանց տոնին: Պատերազմի ավարտից հետո եկեղեցին մի քանի անգամ վերանորգվել էր: Բարեկարգվել էր եկեղեցու տարածքը, կառուցվել էին հովվատունը, գրատունը, ժողովատեղին:
2022թ. հուլիսին Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն ահազանգել էր, որ Կանաչ ժամ եկեղեցին ամբողջովին ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Ծառայությունը հայտնել էր, որ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։