Արցախի ԱԺ պատգամավորներն ապրիլի 18-ին Արցախի ներկայացուցչության շենքում բավականին երկար փակ հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարար Արթուր Հարությունյանի հետ, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները քննարկել են բռնի տեղահանված արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերն ու խնդիրները և մտահոգություններ հայտնել, որ արցախցիների աջակցության համար նախատեսված ռեսուրսներն սպառվում են և, հնարավոր է, առաջիկայում ամբողջությամբ սպառվեն։
Նրանք եկել են այն եզրակացության, որ եթե իրավիճակը չփոխվի, արցախցիները կսկսեն հեռանալ Հայաստանից։
Մարտի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն առանց պայմանների փոփոխության կշարունակի մինչև 2024 թվականի վերջը բռնի տեղահանվածներին տրամադրել 40+10 հազար աջակցությունը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։ Նախաձեռնությանը դեմ արցախցիները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ԱՍՀ նախարարության շենքի դիմաց։ Փետրվարի 28-ին աջակցության ծրագրերի կապակցությամբ բողոք էր արտահայտել նաև Արցախի Ազգային ժողովը։