Արցախի Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման կապակցությամբ:
«Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները շեշտել են, որ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և, ընդհանրապես, հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանին:
Խմբակցություններն արձանագրել են, որ եռակողմ հայտարարությունն ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձել է երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվել է:
«Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է իր հազարամյա հայրենիքում ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը»,- շեշտել են նրանք:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հորդորել են ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերյալ:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներին տեղակայել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Նրանց առաքելությունը պետք է ավարտվեր 2025 թվականին։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Այս մասին ապրիլի 17-ին հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ապրիլի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել ավելի քան 100․000 մարդ։