Արցախի Մարտունի քաղաքի ավագանու նախկին անդամ Արտակ Մկրտչյանն անընդունելի է անվանել Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշումը։ Նա վստահ է, որ Ադրբեջանը դրանով կանգ չի առնելու և նոր պահանջներ է ներկայացնելու։
«Այսօր նորից կանգնած ենք գյուղ հանձնելու, հող հանձնելու շեմին, և արյունով ազատագրված հողերն առանց ոչ մի բանի հանձնում են։ Անունը դրել են խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում են և փոխարենը ոչինչ չեն ստանում»,- նշել է Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները փակել են Արցախի հարցը, չեն բարձրաձայնում Բաքվի բանտում գտնվող հայերի մասին․ «Չենք կարող խաղաղության գնալ առանց բանտարկյալների ազատ արձակման, առանց Արցախի հարցի արդարացի կարգավորման»։
Մկրտչյանը հնարավոր է համարում արցախցիների վերադարձը կա՛մ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, կա՛մ էլ պատերազմով։ «Մեր տղաները զոհվել են, և մենք նրանց պարտական ենք. կա՛մ կյանք, կա՛մ հայրենիք»,- եզրափակել է նա։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։
Ապրիլի 23-ին կառավարությունից հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշտման գործընթաց, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ապրիլի 19-ին՝ երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8-րդ հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։