Արցախից հայերի արտագաղթը ցեղասպանության տարր է, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Հայ բնակչության արտագաղթը Արցախից՝ Լեռնային Ղարաբաղից, ցեղասպանության տարր է, որը ի մեծ ցավ և համոթ մեզ, տեղի է ունեցել մեր աչքի առաջ»,- ասել է Զատուլինը:
Նա ընդգծել է, որ ամաչում է Ռուսաստանի Պետդումայի իր այն գործընկերների համար, ովքեր կատարվածը ներկայացնում են որպես «պատմական արդարության ակտ» և «տարածքային ամբողջականության վերականգնում»: «Ես չեմ անդրադառնում տարածքային ամբողջականության հարցերին։ Այդ առումով կա փորձագետ՝ պարոն Փաշինյանը, ով բոլորին ասել է, թե որն է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և շարունակում է գնալ այդ ճանապարհով»,– ասել է Զատուլինը։
Նա ընդգծել է, որ Արցախի հարցի արդարացի լուծումը կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքի միջազգային ճանաչումը և «Ադրբեջանին վերադարձնելը այն շրջանների մի մասը, որոնք Լեռնային Ղարաբաղի պարագծով 1994 թվականին հայտնվել են հայկական զինված ուժերի վերահսկողության տակ»:
«Այն, ինչ տեղի ունեցավ 2020 և 2023 թվականներին (Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմ և Արցախի լիակատար օկուպացիա-խմբ.), ողբերգություն և պատմություն է, որը չի կարող հենց այնպես մոռացվել և ապագայում անկասկած կունենա հետևանքներ։ Եվ բոլոր նրանք, ովքեր խոսքով կամ իրականում ցանկանում են բարեկամական հարաբերություններ հաստատել այս տարածաշրջանում նախկինում հակամարտող կողմերի միջև, չեն կարող աջակցել հարցի նման լուծմանը։ Նույնիսկ խորհրդային ժամանակներում, երբ բոլշեւիկները վերաձևում էին ռուսական կայսրության քարտեզը, նրանք հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա թեկուզ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանի կազմում, քանի որ դա երաշխիք է իրենց պատմական հողերում ապրող հայերի համար»,– եզրափակել է Զատուլինը ։
Զատուլինն ապրիլի 17-ին Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման պատճառ է համարել Լեռնային Ղարաբաղում «հայերի գտնվելու հետքերը զրոյացնելու» Բաքվի մտադրությունը: Նրա խոսքով՝ այնտեղ ռուս խաղաղապահների գտնվելը երկու երկրների հակամարտության պատճառ կդառնար։