Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկել են Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ տարածված հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին:
«Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու ընդգծել ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտությունը:
Պատասխանատուները նշել են նաև, որ ծրագրի նախագիծը քննարկել են շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին հայտնել էր փետրվարի 27-ին։ Նրա խոսքով՝ եթե տեղահանվածները ցանկանում են մնալ Հայաստանում և որոշել են դառնալ երկրի քաղաքացի, ապա այդ դեպքում իշխանությունները կաջակցեն նրանց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ֆիքսված գումար տրամադրելով տուն գնելու կամ կառուցելու համար: Արցախի բռնի տեղահանված քաղաքացիները Երևանի Ազատության հրապարակում մարտի 20-ին հանրահավաք էին անցկացրել ընդդեմ այդ ծրագրի։