Ռուսական գրեթե ողջ խաղաղապահ զորախումբն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ մնացած խաղաղապահները տարածքը պետք է լքեն մինչև մայիսի վերջ։ Աղբյուրը հայտնել է նաև զորախմբի բոլոր զրահատեխնիկայի, այդ թվում՝ 90 BTR 82A զրահափոխադրիչների և 380 այլ մեքենաների դուրսբերման մասին։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներին տեղակայել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Նրանց առաքելությունը պետք է ավարտվեր 2025 թվականին։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Այս մասին ապրիլի 17-ին հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ապրիլի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման մասին։