ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ է արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «20 միլիոն դոլարից պակաս գումարը, որ նախագահ Բայդենն «առանձնացրել» է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայերի համար, իսկապես ամոթ է, տխուր վկայություն՝ նախագահի համար։ Այն նախագահի, որ զինել է Ադրբեջանին, օժանդակել է ցեղասպանությանը և լքել հայերին՝ Հայոց ցեղասպանությունից հետո մեր ամենածանր ճգնաժամի ժամանակ»։
Կոչ անելով Արցախի բռնի տեղահանված փախստականների համար 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ Ֆրենք Փալոնը և նամակի համահեղինակներն ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներին ամերիկյան և միջազգային արձագանքը «բոլորովին անբավարար է այս ընտանիքների կարիքներին ընդառաջելու համար։ Նշել են, որ իրենց հայրենիք վերադառնալու երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև բիծ է մնում միջազգային հանրության համար»:
Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել «Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու» Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Նրանք պնդել են, որ Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և ուսուցման տեսքով անվտանգության լրացուցիչ օգնությունը հատկապես կարևոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային աջակցություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ադրբեջանական մշտական ծավալապաշտության պայմաններում:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց տվել էր փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ։