Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը, հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը:
«Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս քաղաքականության հերթական թիրախը Ստեփանակերտի հերոսների պանթեոնն է»,- հայտնում են գրասենյակից։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։ Փետրվարի 29-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ոչնչացրել է բռնազավթված Արցախի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը: Քանդել էին նաև Գետավան գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշատախտակները և խաչքարը։
Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։