Առաջիկայում կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման բավականին լավ ծրագիր, ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բացել փակագծերը։
«Որոշել ենք արցախցիներին 3 ուղղությամբ աջակցել․ առաջինը՝ բնակարան կառուցելու հարցում, երկրորդը՝ տներ ձեռք բերելու և երրորդ կարևոր նյուանսը, որն առաջինի կամ երկրորդի ենթածրագիր է, որոշել ենք գործող հիփոթեքային վարկ ունեցող մարդկանց՝ որոշակի սահմանափակումներով, նույն տրամաբանությամբ և չափաբաժիններով աջակցություն ցուցաբերել»,- մանրամասնել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կան նաև ընտանիքներ կամ տարեց մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն այս ծրագրերին մասնակցություն չեն ունենա, այս ուղղության համար սոցիալական բնակապահովման ծրագիր են իրականացնում, որպեսզի նման կարգավիճակ ունեցող մարդիկ ևս կարողանան օգտվել։
«Սոցիալական բնակարանաշինությունն այն է, որ մենք մարդկանց բնակարան տանք, որտեղ իրենք կապրեն, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա, եթե, իհարկե, նրանք նման տարբերակ կցանկանան»,- նշել է նա։
Վարչապետը հավելել է, որ բազային գումարը 3 մլն դրամն է, որը գործակիցներով ավելանալու է մինչև 5 մլն դրամ։
«Խոսքը մեկ անձի մասին է։ Այսինքն՝ 6 հոգանոց ընտանիքը հնարավորություն կունենա ստանալ 30 մլն դրամի աջակցություն, որով կարող են բնակարան կառուցել կամ ձեռք բերել»,- նշել է Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին հայտնել էր փետրվարի 27-ին։ Նրա խոսքով՝ եթե տեղահանվածները ցանկանում են մնալ Հայաստանում և որոշել են դառնալ երկրի քաղաքացի, ապա այդ դեպքում իշխանությունները կաջակցեն նրանց՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ֆիքսված գումար տրամադրելով տուն գնելու կամ կառուցելու համար: Արցախի բռնի տեղահանված քաղաքացիները Երևանի Ազատության հրապարակում մարտի 20-ին հանրահավաք էին անցկացրել ընդդեմ այդ ծրագրի։