Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, հայտնել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (ՀՃՈՒ) հիմնադրամի համանախագահ Րաֆֆի Քորթոշյանը։
Նա հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք վկայում են եկեղեցու ավերման մասին:
«Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին»,- նշել է նա։
Ըստ Քորթոշյանի՝ գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ. իսկ կառուցումն ավարտվել էր երկու տարի անց, օծվել էր 1998 թ. մայիսի 31-ին։
Հունվարի 20-ին Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդն ահազանգել էր, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի է վերածում։ Կազմակերպությունը նշել էր, որ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ էր դարձել, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթով։