Իշխանություններն ամեն կերպ փորձում են ստիպել արցախցիներին չմասնակցել մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին, գրում է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթը վստահեցնում է, որ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից է մայիսի 24-ին տնային կալանքի ենթարկված Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը։
«Իշխանությունը մոտ չորս տասնյակ այդպիսի «ակտիվիստի» ցուցակ ունի, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատում են․ ոմանց հետ իրավապահները զրույցներ` «բացատրական» աշխատանքներ են տանում, մյուսների նկատմամբ շինծու քրեական վարույթներ են հարուցում»,- գրում է «Հրապարակ»-ը։
Ըստ աղբյուրի՝ արցախցիները չեն պատրաստվում նահանջել, իսկ արցախյան պաշտոնատար շրջանակներն այս անգամ ավելի համակարգված են աշխատում։
Մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի ձերբակալության մասին։ Նա նշել էր, որ Շամիրյանին ձերբակալել են Ասկերան համայնքի գույքի իրավունքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Մելիքյանը, սակայն, հայտարարել էր, որ Շամիրյանը հետապնդման է ենթարկվում սահմանազատման գործընթացի դեմ ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպելու համար։ Մայիսի 25-ին Մելիքյանը հայտնել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբակալման մասին։