Արցախում 2023թ․ սեպտեմբերին տեղի ունեցածը հումանիտար և քաղաքակրթական աղետ է, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ հայտարարել է Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Սերգեյ Պոտապկինը։
Նա նշել է, որ շարժման հավաքին ներկա է որպես Հայաստանի ու Արցախի բարեկամ։ Պոտապկինն առաջին անգամ Արցախ է այցելել 2016թ․ քառօրյա պատերազմից անմիջապես հետո՝ որպես Լատվիայի խորհրդարանի պատգամավոր։ Դրանից հետո մի քանի անգամ եղել է Ստեփանակերտում։
«Տեսել եմ Ձեր գեղեցիկ երկիրը, տեսել եմ, թե նրանք ինչպես են վերաբերվում իրենց հողին, իրենց քաղաքին, ինչ հիանալի քաղաք էր Ստեփանակերտը։ Դա չպետք է տեղի ունենար»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման ու արդարության իրավունք՝ իր տարածքի ու պետականության գոյության պաշտպանության համար։
«Ես հավատում եմ, որ այս երկու իրավունքը կիրացվի։ Հույս ունեմ, որ Արցախ կայցելեմ, նորից կտեսնեմ այն խաղաղ կյանքը, և մարդիկ հնարավորություն կստանան վերադառնալ իրենց տները»,- հավելել է Պոտապկինը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի կառավարությունը նրանց տվել էր փախստականի կարգավիճակին համարժեք պաշտպանության ժամանակավոր կարգավիճակ։
Մանրամասները՝ տեսանյութում։