Քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել Արցախի նախագահի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի վարած ավտոմեքենան, որն Արցախի Հանրապետության սեփականությունն է, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամասնել է, որ Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն են մուտք գործել քննիչներ և հայտնել առգրավման որոշման մասին:
Նրանք հրաժարվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին պատճառների մասին պարզաբանում տալ։
«Արցախի ՄԻՊ-ին որևէ պարզաբանում տալուց հրաժարվել են, պաշտպաններին պարզաբանել են, որ թմրանյութերի իրացման վարույթով այդ մեքենան պետք է առգրավվի, իբր այն վարվում է կեղծ համարանիշներով»,- նշել է Երիցյանը։
Ըստ քննիչների՝ մեքենայի համարանիշներն իբրև կեղծ են, հավելել է փաստաբանը՝ շեշտելով, որ դա ճիշտ չէ։
«Դրանք գրանցված են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ճանապարհային ոստիկանությունում, հաշվառված են որպես ավտոմեքենայի համարանիշներ, ուստի անհիմն և լկտի պատճառաբանություններով Քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել ավտոմեքենան»,- ասել է փաստաբանը։
Փետրվարի 20-ին Երևան քաղաքի Աբովյան 25 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով բերման էր ենթարկվել Արցախի նախագահի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը, այնուհետ՝ ձերբակալվել։
Փետրվարի 22-ին Դանիելյանին ազատ էին արձակել՝ նրան անազատության մեջ պահելու հիմքերը վերանալու հիմքով: Դանիելյանը հայտարարել էր, որ ցանկացել են իրեն կեղծ մեղադրանք առաջադրել, որը չի ստացվել։