Երկար քննարկումներից հետո քննիչները հեռացել են Երևանում Արցախի ներկայացուցչության շենքից՝ կապարակնքելով Արցախի Հանրապետության նախագահին սպասարկող մեքենան, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ 3-4 ժամ տևած քննարկումների ընթացքում քննիչները չեն կարողացել ներկայացնել ավտոմեքենայի առգրավման օրինական հիմքեր։ Փաստաբանը նշել է, որ պարզ չէր քննիչների ներկայանալու իմաստը։
«Քննչական կոմիտեն հասկացավ, որ առանց դատարանի որոշման չի կարող մեքենան այստեղից էվակուացնել, այսինքն՝ առգրավման գործողությունն ավարտին հասցնել։ Հաշվի առնելով դա՝ քննիչը որոշեց գնալ շենքից։ Ոչ միայն մենք, այլև իրենք էլ չեն հասկացել, թե որն է այստեղ ներկայանալու, այս ամբողջ գործողությունների իմաստը»,- ընդգծել է նա։
Երիցյանը հիշեցրել է, որ մեքենան ժամանակին դատարանի որոշման հիման վրա խուզարկվել է, սակայն խուզարկության արդյունքում քննությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել։ Նա ենթադրել է, որ գործողության նպատակն Արցախի նախագահին մեքենան շահագործելու հնարավորությունից զրկելն է։
«Այս ամենի համատեքստում մեքենայի առգրավումը կրում է զուտ ձևական բնույթ և երևի թե նպատակ է հետապնդում Արցախի նախագահին զրկել այդ մեքենան շահագործելու հնարավորությունից»,- ասել է նա։
Փաստաբանը հայտնել է, որ քննիչները տարբեր եղանակներով՝ նույնիսկ տարբեր պաշտոնատար անձանց միջոցով, փորձել են համոզել մեքենան իրենց հանձնել գոնե մեկ-երկու օրով։ Նրա խոսքով՝ այդ պահանջն անօրինական է։
«Ես իրենց օրենքի հստակ կետը ցույց տալով՝ ասել եմ, որ դուք այս մեքենան փորձում եք առգրավել քրեական դատավարության օրենսգրքի ուժով բնակարան հանդիսացող տարածքից, որի համար պետք է դատարանի որոշում։ Երկրորդ՝ Ձեր վկայակոչած քրեական վարույթի հետ որևէ կապ չունի։ Երրորդ՝ այդ նույն վարույթով դուք կայացրել եք Աշոտ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում»,- շեշտել է Երիցյանը։
Քննիչները մեքենան կապարակնքել են, սակայն փաստաբանը նշել է, որ օգտագործման արգելք չկա։ «Քանի որ շահագործման, մեզ ի պահ հանձնելու վերաբերյալ որևէ որոշում չկայացվեց, առգրավման գործողությունն ավարտին չհասցվեց, ուստի մեքենայի վրա փակցված կնիքները որևէ խոչընդոտ չեն կարող հանդիսանալ դրա շահագործման համար»,- ավելացրել է նա։
Փաստաբանը չի բացառել ՔԿ-ի կողմից գործողությունների շարունակումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվամիջոցները լուսաբանել են միջադեպը, ՔԿ-ն կփորձի արդարացնել իր գործողությունները։
Հունիսի 7-ին Երիցյանը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել Արցախի նախագահի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի վարած ավտոմեքենան, որն Արցախի Հանրապետության սեփականությունն է։
Փետրվարի 20-ին Երևան քաղաքի Աբովյան 25 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով բերման էր ենթարկվել Արցախի նախագահի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը, այնուհետ՝ ձերբակալվել։
Փետրվարի 22-ին Դանիելյանին ազատ էին արձակել՝ նրան անազատության մեջ պահելու հիմքերը վերանալու հիմքով: Դանիելյանը հայտարարել էր, որ ցանկացել են իրեն կեղծ մեղադրանք առաջադրել, որը չի ստացվել։