Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել։
Ըստ ՄԻՊ-ի՝ դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհահատվածի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Արցախի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Նա նշել էր, որ մեքենայի մեջ են մնացել Գրիգորյանի 3 մանկահասակ երեխաները։
«Խոսել եմ գյուղապետի տիկնոջ հետ, նա է հաստատել։ 7, 9 և 13 տարեկան երեխաների մասին է խոսքը՝ 2 աղջիկ և մեկ տղա։ Եկել են, վատ ձևով, քաշքշելով, գետնին պառկացնելով, մեքենայից դուրս շպրտելով՝ երեխաների աչքի առաջ։ Պատկերացնո՞ւմ եք նրանց վիճակը։ Դա բավական չէ, երեխաներին թողել են մեքենայի մեջ և հեռացել»,- պատմել էր Մելիքյանը։