Այսօր հնչած հայտարարությունները որևիցե կապ չունեն իրականության հետ, դա մանիպուլյացիա է։ Այսպես է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մեկնաբանել հունիսի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իրեն դավաճանության մեջ մեղադրող Արցախի էլիտան երկու ժամում հանձնվել է և «ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերած մի քանի մլրդ դոլարի զենքը սարքին, կարգին, յուղած վիճակում հանձնել Ադրբեջանին»։
Շահրամանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվում էր ՀՀ ՊՆ-ին։
«Ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա սպառազինությունը ո՞ւմ հաշվեկշռում էր գտնվում և ո՞վ էր պատասխանատու այդ սպառազինության համար, ո՞ւմ էր ենթարկվում Պաշտպանության բանակը։ Վերջերս նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշել էր, որ բանակը մինչև վերջին օրը ենթարկվում էր ՀՀ կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ կառուցվածքային ստորաբաժանում։ Սա այն ճշմարտությունն է, որ պետք է մեր ժողովուրդն իմանա, և չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում»,- ասել է նա։
Նա չի համաձայնել Փաշինյանի այն կարծիքին, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման համար փաստաթուղթ ստորագրած իշխանությունները շուտ են հանձնվել։
«Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի այն ներկայացուցիչները, ովքեր ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում և մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին։ Այն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում էին դավաճանության մեջ, ովքեր իմ ասուլիսներին կանացի և տղամարդկային բամբ ձայներով աուդիոմեսիջներ էին ուղարկում լրագրողների միջոցով, որ մեր հերոսական կղերաֆեոդալական կլանը չի տրվի և մենք պատրաստվում ենք մինչև վերջ պայքարել, հիմա 5000 դրամ են բաժանում, որ մարդ բերեն Բաղրամյան պողոտա, այդ նույն մարդիկ»,- ասել էր Փաշինյանը՝ բյուջեի հաշվետվության ժամանակ ելույթ ունենալով խորհրդարանում:
Շահրամանյանն ընդգծել է, որ արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել են 32 տարի՝ 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ։
Նա «ապուշություն» է անվանել 5000 դրամով ակցիաներին արցախցիների մասնակցության մասին խոսակցություններըև նշել, որ չի պատրաստվում մեկնաբանել նման «աբսուրդային խոսքերը»։
«Արցախցիները, ինչպես նաև Հայաստանի ցանկացած քաղաքացի, իրավական և բարոյական բոլոր իրավունքներն ունեն մասնակցելու իրենց իսկ նախընտրած շարժմանը և արտահայտելու իրենց կարծիքը, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր, չնայած Հայաստանի կառավարությունը մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք»,- ավելացրել է նա։
Շահրամանյանի խոսքով՝ ՊԲ-ն գիտակցում էր, որ պատերազմ է վարում 1/12 ուժերի հարաբերակցության պայմաններում:
«Վերջին գործողությունների հետ կապված ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք, և դիմադրել 1/12 հարաբերակցությամբ Ադրբեջանի զինված ուժերին, հնարավոր չէր։ Պետք էր ամեն քայլի գնալ և փրկել կյանքեր, որն էլ Արցախի կառավարությունն արել է»,- շեշտել է Արցախի նախագահը։
Նա հավելել է, որ առաջիկայում հանրային ձևով կանդրադառնա ԱԺ-ում հնչած հայտարարություններին։
Շահրամանյանի խոսքով՝ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրսբերումը։
Մեկնաբանելով ՀՀ իշխանությունների հորդորները չլսելու մասին Փաշինյանի մեղադրանքները՝ Շահրամանյանը նշել է, որ իրենք հետևել են Սահմանադրությանը։
«Մենք որևիցե մեկին լսել-չլսելու կարիք չունենք, ունենք Սահմանադրություն, որի համաձայն իրականացրել ենք քայլեր։ Ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ունեցել ենք հետևյալ իրավիճակը․ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, քաղաքացիական բնակավայրերը վտանգի տակ էին, քաղաքացիական բնակչությունը՝ նույնպես, օդանավակայանում ունեցել ենք 6000-ից ավելի տարբեր շրջաններից տեղափոխված քաղաքացիներ, որոնց հարցերը պետք է լուծվեին»,- ասել է նա։
Արցախի նախագահը շեշտել է, որ իրենց ընդունած որոշումը նաև Արցախի հասարակության և ժողովրդի պահանջն էր։ «Եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենար Ադրբեջանի կազմում ինտեգրվելու, կմնար, այս դուրս գալն էլ հանրաքվեի ինչ-որ տարբերակ է, նրանք իրենց կարծիքն արտահայտել են այս ձևով՝ միասնական դուրս գալով»,- նշել է նա։
Շահրամանյանը մեկնաբանել է նաև նշաձողի իջեցման մասին Փաշինյանի խոսքերը և շեշտել, որ հասարակությունը պատրաստ չէր դրան։
«Նիկոլ Փաշինյանը շեշտում էր, որ նախորդ նախագահը՝ երևի Արայիկ Հարությունյանը, տեղյակ էր, թե ինչ պետք է աներ այդ նշաձողն իջեցնելու համար։ Բայց ես տեսել եմ բազմահազարավոր ժողովրդի հավաքներ, որոնք հետ չէին կանգնում իրենց ինքնորոշման իրավունքից, իրենց կարգավիճակից, ես տեսել եմ նախագահ, որ տարբեր առիթներով հայտարարում էր, որ ոչ մի կառավարություն չի կարող հետքայլ անել ժողովրդի որոշումից, այդ թվում՝ Ֆրանսիայում տված իր հայտարարություններից։ Եվ սա, ինձ թվում է, ապացույցն է, որ հասարակությունը պատրաստ չէր այդ իջեցմանը»,- ընդգծել է նա։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին՝ նա նշել է, որ Արցախի հարցը փակված չէ։
«Արցախի էջը փակված չէ, պետք է գտնել մեխանիզմներ, որը թույլ կտա արցախահայության հարցի արդարացի լուծման»,- ասել է Արցախի նախագահը։
Խոսելով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի մասին՝ Շահրամանյանը նշել է, որ դա քաղաքական հետապնդում է՝ կապված Սարգսյանի կողմից վերջին ժամանակահատվածում Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու կամ աջակցելու հետ։
Շահրամանյանը դատապարտել Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բռնությունը՝ նշելով, որ ոստիկանությունը պետք է զերծ մնա բռնի, անհամաչափ ուժ կիրառելուց և սթափ գնահատի իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։