«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել է արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։
Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3 մլն-ից մինչև 5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին կարող եք կարդալ Armenia Today-ի՝ մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։
Նախագծով նախատեսվում է հավաստագրերի տրամադրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչպես նաև 2023-ի սեպտեմբերից Արցախից տեղահանված քաղաքացիներին։
Առաջին փուլ. լրացնել դիմում՝ ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներով և բնակարանի տեսակը, որը պատրաստվում են գնել
Դիմումը կարող են ուղարկել 2024 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը՝ էլեկտրոնային տարբերակով։
Հայտարարության մեջ նշվում է.
1. Դիմողի և նրա ընտանիքի անձնագրային տվյալները:
2. Հետադարձ կապի կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը)։
3. Փաստացի բնակության վայրի հասցեն։
4. Աջակցության նախընտրելի եղանակը (բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն)
5. Անհատական տան կառուցման դեպքում՝ անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկից իր նախընտրած տարբերակը կամ լիցենզավորված կազմակերպության կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթեր։
Երկրորդ փուլը դիմումի քննարկումն է
Դիմումը դիտարկվում է 10 օր, անցնում է տվյալների հավաստիության ստուգում և դրա հաստատման դեպքում դիմողն ստանում է շահառուի կարգավիճակ:
Դրանից հետո 2-օրյա ժամկետում ձևավորվում է հավաստագիրը, որն ուղարկվում է դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
Մերժման դեպքում 2-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ուղարկում են մերժման հիմքերը։
Մերժման հիմքերը
– Եթե դիմումը լրացրած անձի տվյալները բացակայում են ԼՂ-ից տեղահանվածների կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառման շահառուների ցուցակից։
– Դիմողը կամ ընտանիքի որևէ ներկայացուցիչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) բնակելի անշարժ գույք, կամ գույքի գնման իրավունք, եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քմ՝ բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի:
– Դիմողը կամ ընտանիքի որևէ անդամ չունի ՀՀ քաղաքացիություն։
– ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվության համաձայն՝ առկա է երեխա-ծնող կապի, շահառուների ողջ լինելու ու գրանցված ամուսնության վերաբերյալ անհամապատասխանություն:
Դիմում-հայտարարությունը մերժվելու դեպքում հնարավոր է ներկայացնել նոր դիմում-հայտարարություն՝ լրացնելով ընտանիքի՝ որոշման պահանջներին բավարարող անդամների տվյալները:
Երրորդ փուլ
Հավաստագիրն ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։ Այնուհետև, հիփոթեքային վարկը փաստացի հատկացնելուց հետո, կազմակերպությունը տրամադրում է հիփոթեքային վարկի գծով վճարման ժամանակացույց և վճարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Պետությունը կազմակերպության հաշվին ամսական փոխանցում է աջակցության գումարները։ Ժամանակացույցով նախատեսված վճարումները չիրականացնելու դեպքում ժամկետանց պարտավորությունների համար տույժերը, տուգանքները վճարում է ծառայությունը:
Եթե հիփոթեքային վարկի գծով ամսական վճարները (մայր գումար և տոկոսագումար) գերազանցում են աջակցության գումարի սահմանաչափերը, ապա սահմանված ամսական վճարների և աջակցության գումարի տարբերությունը վճարում է հավաստագրերի սեփականատերը (պետաջակցության մասնակիցները) կողմից։
Համաձայն կառավարության մեկ այլ որոշման՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները հանդիսանում են շահառու ընտանիքի անդամ:
– աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով՝ ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան։ Բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է՝
– հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%։
– լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3% չափով՝ վարկի տրամադրման պահին։
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը ևս իրականացվելու է հավաստագրերի տրամադրման ձևաչափով, իսկ սահմանված 3, 4, և 5 մլն դրամ աջակցությունները վերաբերվում են հիփոթեքային վարկի մայր գումարի սուբսիդավորմանը։
Անհատական բնակելի տան կառուցման դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 1 տարվա ընթացքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պահանջվող 1 տոկոս կանխավճարը ևս ֆինանսավորվելու է պետության կողմից, առաջարկվում է հետագա գործընթացների պարզեցման նպատակով կանխավճարի պահանջը հանել և ամբողջ գումարը ներառել վարկի մարման ժամանակացույցի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։