ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել արցախցի գործարարների բիզնես գաղափարները։ Այս մասին նա ասաց 100-օրյա պաշտոնավարման ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ի՞նչ հնարավոր աջակցության ծրագրեր են նախատեսում արցախյան բիզնեսների համար։
2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է արցախյան 235 ընկերություն, որոնց մասին տեղեկատվությունը նախկինում առկա էր Արցախի պետական ռեգիստրի գործակալությունում, հաղորդել էր Կադաստրի գործակալությունը՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման։
«Ինքս առկա բիզնես գաղափարներ պատրաստ եմ ընդունել և հանդիպել, քննարկել, թե ավելի կոնկրետ ի՞նչ կարող ենք իրենց համար անել և՛ մեր գործող առաջարկների շրջանակներում, և՛ նոր բան մտածենք»,- հայտնեց նախարարը։
Էկոնոմիկայի նախարարության առաջարկն արցախցի գործարարներին այն է, որ օգտվեն ՀՀ-ում առկա պայմաններից՝ պետության հնարավորությունների, հավասար մրցակցության և հավասար հնարավորությունների քաղաքականությունների համադրության համատեքստում, հավելեց նախարարը:
Ըստ Պապոյանի՝ բիզնեսի աջակցության տեսանկյունից բազմաթիվ ծրագրեր են գործում, սակայն դրանք ընդհանուր են բոլոր գործարարների համար։
Ապրիլին Armenia Today-ի խնդրանքին ի պատասխան՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ արցախյան բիզնեսին արտոնություններ տրամադրելը տեղին չէ, ուստի նախարարությունն այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել։ Նախարարության գլխավոր քարտուղար Արայիկ Եսայանը հայտարարել էր, որ Հայաստանի հարկային օրենսդրությունն արդեն իսկ «բարենպաստ հնարավորություններ» է տալիս բիզնեսի համար։
Էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախցիների համար, և ամեն եռամսյակ այդպիսի ծախսեր է իրականացնում։
Որպես օրինակ՝ Պապոյանը նշեց մշակող արդյունաբերության ոլորտում առաջարկվող ծրագրի մասին, որը 1 տարվա փորձառությամբ գործարարի համար եկամտահարկի վերադարձ է իրականացնում։
«Էկոնոմիկայի նախարարությունը մի ծրագիր ունի, ըստ որի, եթե կան նոր ծրագրեր, օրինակ, տեսքտիլի ոլորտում 1 տարվա փորձառությամբ և նոր է ներգրավվում մշակող արդյունաբերության ոլորտ, ապա մենք իրենց եկամտային հարկի փոխհատուցում ենք անում։ Դրանով նաև օգնելով, որ նրանք ներգրավվեն մեր երկրի մշակող արդյունաբերության մեջ»,- ասաց նախարարը։
Armenia Today-ը զրուցել էր արցախցի 20 գործարարի հետ, ովքեր իրենց բիզնեսը տեղափոխել են Հայաստան։ Հարցվածները նշել էին, որ Հայաստանում զրոյից բիզնես սկսելը բավականին դժվար է, և իրենք պետական աջակցության կարիք ունեն։ Մեծամասնությունն անհրաժեշտ միջոցների թվում նշել էր արտոնյալ վարձավճար կամ հարկային արձակուրդներ։
Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր Արցախի գործարարների և իրավաբանական անձանց գրանցման ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը երկարաձգելու մասին օրինագիծը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանել էր, որ արցախցի հազարից ավելի անհատ ձեռնարկատեր արդեն գրանցված է Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։