Սա մեքենայի հարց չէ, Արցախի մնացորդների վերացման հարց է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ խոսելով իրեն սպասարկող մեքենայի առգրավման մասին։
Նա հայտնել է, որ հունիսի 7-ին, երբ քննիչները եկել էին ներկայացուցչության շենք ու փորձում էին անօրինական, առանց դատարանի որոշման մեքենան առգրավել, ինքը հեռախոսազրույց է ունեցել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։
«Խոսակցության արդյունքն այն էր, որ իրեն սխալ են զեկուցել և այդ սխալ զեկույցը փակելու համար մեքենան առգրավելու ինքնագլուխ որոշում են կայացրել։ Նա ասել է, թե չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին և եթե իմանար, այդպիսի բան չէր լինի»,- ասել է Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ ինքը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում մեքենան ուղարկել պահանջվող վայր։
«Այսօր կատարվածի անհրաժեշտությունը չկար։ Այս իրավիճակն անթույլատրելի եմ համարում և դատապարտում, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում, որտեղ ասեին՝ կուղարկեինք մեքենան, մեր պայմանավորվածությունն այդպիսին էր։ Մուտքի դռները ջարդելով մեքենան տանելը ցույց է տալիս վերաբերմունքն Արցախի նկատմամբ»,- նշել է Արցախի նախագահը։
Շահրամանյանը հավելել է, որ իրեն Քննչական կոմիտե են հրավիրել մարտի 26-ին՝ Արցախից ՀՀ տեղափոխված Սարգիս Գալստյանի գործով որպես վկա ցուցմունք տալու համար։
Փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները հունիսի 21-ին ջարդել են ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն էր հայտնել Արցախի իշխանություններին և մեքենան նվիրել ներկայացուցչությանը։