Փախստականների միջազգային օրվա առթիվ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրն (Monument watch) անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների մշակույթի իրավունքի խախտումներին։ Նախագիծը շեշտել է, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։
Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Ծրագիրը հիշեցնում է արցախցիների մշակույթի իրավունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկված են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և ավանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունից։
«Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդյունքում արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները՝ առերեսվում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգության տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնության շարունակականության և վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրավմաները և ինքնության ժխտումը»,- շեշտում են նախագծից։
Նշվում է, որ բռնի տեղահանության արդյունքում արցախահայերը տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկվել պատմական հայրենիքի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։
Ըստ Monument watch-ի՝ համայնքային կյանքի կազմաքանդման գործընթացը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ են դարձել ոչ նյութական ժառանգության բազմաթիվ տարրերի՝ բարբառի, ավանդական ուտեստների, արհեստների, տոների, փառատոների, համայնքային խաղերի, գյուղատնտեսական և կենցաղավարման մշակույթի աստիճանական անհետացմանը, մշակութային ոչ ֆորմալ կրթության կասեցմանն ու ստեղծել ինքնության ամբողջականության պահպանության համակարգային խնդիրներ։
«Շատ փորձագետների գնահատմամբ՝ բռնի տեղահանումը շարունակվող պատերազմի ձև և բռնություն է՝ գերազանցելով նույնիսկ պատերազմի արհավիրքները։ Այն նաև հանցագործություն է միջազգային սովորութային իրավունքի համաձայն»,- ասվում է ծրագրի եզրակացության մեջ։
Ծրագիրը հավելել է, որ արցախցիների հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։