Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը, հայտարարել են Արցախի Հանրապետության խորհրդարանի 4 խմբակցությունները՝ անդրադառնալով հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպին, երբ իրավապահներն առգրավել էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։
«Հանուն իշխանության պահպանման՝ նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը: Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները։ ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների՝ կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար»,- ասված է հայտարարության մեջ։
ԱԺ «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունները վտանգավոր են որակել «ներհանրային համերաշխությունը խարխլող ելույթները»։
«Վտանգավոր և անընդունելի են Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված: Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»,- եզրափակել են խմբակցությունները։
Հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
Շահրամանյանը հայտարարել էր, որ սա ոչ թե մեքենայի, այլ Արցախի մնացորդների վերացման հարց է։ «Այս իրավիճակն անթույլատրելի եմ համարում և դատապարտում, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում, որտեղ ասեին՝ կուղարկեինք մեքենան, մեր պայմանավորվածությունն այդպիսին էր։ Մուտքի դռները ջարդելով մեքենան տանելը ցույց է տալիս վերաբերմունքն Արցախի նկատմամբ»,- նշել էր Արցախի նախագահը։