Ֆրանսիական Le spectacle du monde ամսագրում հրապարակվել է «Տիգրանակերտ. հայկական հիշողությունը՝ վտանգի տակ» հոդվածը, հայտնում է Monument watch-ը։
Հոդվածը լույս է տեսել պատմաբան, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի և ֆրանսահայ բանաստեղծուհի Մարինա Դեդեյանի համագործակցությամբ։
«Տիգրան Մեծ թագավորի անունով անտիկ այս քաղաքը հայկական և եվրոպական մշակույթի գոհար է, որն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից և կանգնած է անհետացման վտանգի առջև»,- ասվում է հոդվածում։
Հունիսի 24-ին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր հայերի տեղահանումից հետո Արցախում ավերածությունների 75 տոկոս աճի մասին։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը (Monument watch) հունիսի 22-ին նշել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։
2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։