Freedom House-ը Բաքվին մեղադրել է Լեռնային Ղարաբաղից հայերի արտաքսումը ծրագրելու մեջ և այնտեղից հայ բնակչության արտագաղթն անվանել էթնիկ զտումների արդյունք։ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը մատնանշել է Բաքվին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և կոչ արել մարդկության դեմ հանցագործությունների գործը փոխանցել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ):
«Ապացույցները վկայում են համակարգված, երկարաժամկետ ծրագրի մասին, որի նպատակն է ազատել Լեռնային Ղարաբաղն իր էթնիկ հայ բնակչությունից: Այս քաղաքականությունն իրականացվել է կանոնավոր գործողությունների միջոցով, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի կոպիտ խախտումներ»,- ասվում է զեկույցում։
Իրավապաշտպանները հիշեցրել են Արցախի տասամսյա շրջափակումը և նշել, որ Բաքուն այդպիսով մեթոդաբար ստեղծել է կենսական պայմաններ, որոնք տարել են հայ բնակչության աստիճանական ոչնչացմանը։
Freedom House-ի մասնագետներն ուսումնասիրել են վերջին չորս տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, ինչպես նաև զրուցել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, ովքեր խոսել են 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ժամանակ իրենց կորուստների մասին։ Կազմակերպության փաստահավաք առաքելությունը նաև ապացույցներ է ներկայացրել հայերի նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, անարդար դատավարությունների, մշակութային և սեփականության իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայության մասին:
«Այսպիսով՝ Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ընկալվող էթնիկ զտումների չափանիշներին և իրականացվում են արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և կալանավորումների, սննդամթերքի և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների հասանելիության սահմանափակումների քաղաքացիական անձանց բռնի տեղահանման, կանխամտածված ռազմական հարձակումների կամ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների սպառնալիքների և գույքի անխնա ոչնչացման միջոցով», – եզրակացրել է կազմակերպությունը:
Զեկույցը Երևանում քննարկվել է հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում։
Փետրվարին Freedom House-ը Բաքվի հարձակման և հայ բնակչության բռնի տեղահանման պատճառով Լեռնային Ղարաբաղը մասամբ ազատ երկրների ցանկից տեղափոխել էր ոչ ազատ երկրների կատեգորիա։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանը 100-ից ստացել էր 9 միավոր, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները»՝ 1,07 միավոր 7-ից: Կազմակերպությունն Ադրբեջանը ճանաչել էր որպես «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»: Freedom House-ը 2023 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Բաքվի հակահայկական հռետորաբանությունը շարունակվել է Արցախի գրավումից հետո և դա կապել Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների բացակայությունը թաքցնելու անհրաժեշտության հետ։