Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից 60 երեխա կմասնակցի ՌԴ Իվանովոյի մարզում անցկացվող «Ինտերդոմ» ամառային ճամբարին, հայտնում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Ճամբարը կտևի հուլիսի 7-30-ը: Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ։
Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորիա Դերիպասկոն նշել է, որ ճամբարին մասնակցող երեխաները բնակվում են Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Մասիսում և Հրազդանում։ Նրա խոսքով՝ երեխաների համար մշակվել է բազմակողմանի մշակութային, ժամանցային և կրթական ծրագիր։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը հույս է հայտնել, որ նախագիծը պարբերական կդառնա։
«Երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց մասին։ Հուսով եմ՝ սա առաջին նման նախագիծն է, բայց ոչ վերջինը»,- ասել է նա։