Արցախում զոհվածների հարազատները դիմել են իշխանություններին՝ Ստեփանակերտում հուղարկավորված զինվորների աճյուններն արտաշիրիմելու և Հայաստանում վերահուղարկավորելու խնդրանքով, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանք ցանկանում են, որ իրենց որդիները գերեզման ունենան։ Խոսքը, մասնավորապես, անցած տարվա սեպտեմբերյան դեպքերին զոհ դարձածների ծնողների և հարազատների մասին է, մանրամասնում է լրատվամիջոցը։
«Այս մարդիկ չեն ցանկանում հրապարակել իրենց խնդիրը, քանի որ կառավարությունից սպառնալիքներ են ստացել, սակայն ինը ամիս շարունակ կառավարության դռներն են ծեծում, որ Փաշինյանն ընդառաջի իրենց պահանջին»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ թերթի՝ եթե իշխանությունները շարունակեն անտարբերություն ցուցաբերել, զոհերի հարազատները կառավարության շենքի դիմաց նստացույց կիրականացնեն։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել է 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։