Մինչ օրս 8 000 մարդ է վերաբնակեցվել Արցախի օկուպացված շրջաններում, մինչև տարեվերջ նախատեսվում է 20 000-ից ավելի մարդ բնակեցնել այդ տարածքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հուլիսի 6-ին Շուշիում կայացած գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։
Ալիևը թուրքական պետությունների ղեկավարների այցերն Արցախ անվանել է «եղբայրական համերաշխության դրսևորում»։ Թուրքիայի նախագահն ավելի վաղ այցելել էր Շուշի, Ֆիզուլի, Զանգիլան և Ջեբրայիլ, Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահները՝ Շուշի և Ֆիզուլի, Ղրղզստանի նախագահը՝ Ֆիզուլի և Աղդամ։
Փետրվարին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը նախատեսում է ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին Իվանյանում ու Ստեփանակերտում 100 ընտանիք բնակեցնել։ 2023թ. դեկտեմբերի վերջի տվյալներով՝ Արցախում առավելագույնը երկու տասնյակ հայ է մնացել՝ հիմնականում ծերեր ու հաշմանդամներ:
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով ԼՂ-ից ՀՀ էր բռնի տեղահանվել 100 632 մարդ: