Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, ակցիաներ են ընթանում Արցախից բռնի տեղահանվածների մասնակցությամբ:
Արցախցիների մի մասն իշխանություններին խնդրում է 2023 թվականի սեպտեմբերին մարտերի ընթացքում զոհվածների մարմինների արտաշիրիմում կազմակերպել, մյուս խումբը հորդորում է պարզել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով 21 անհետ կորածի գտնվելու վայրը:
«Դիմել ենք տարբեր կազմակերպություններին՝ ՄԱԿ-ին, ԵՄ-ին, ՀՀ ՄԻՊ-ին, Արցախի իշխանություններին, Հայաստանում ՌԴ դեսպանությանը, ՀՀ կառավարությանը, ԿԽՄԿ-ին, ոչ մի տեղից դրական կամ բացասական պատասխան չեն տվել, կարծես ոչ մեկ չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միևնույն է, որ կան անհետ կորածներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է անհետ կորածի կինը։
Արցախցի մյուս կնոջ խոսքով՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում 27 մարմին կա, շրջաններում՝ ևս և խնդրում են արտաշիրիմում կատարել։
«Խնդրում ենք, աղաչում ՀՀ իշխանությանը՝ տեղափոխել մեր հարազատների մարմինները։ Զոհվեցին, զոհվելուց հետո մարմինները գերի մնացին, գոնե մարմինները կարողանանք տեղափոխել։ Ախր երկու օրվա հուղարկավորված մարմինը թողեցինք անտեր»,- ասում է արցախցի կինը։
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ ունի։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 21-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի դիակ-մասունքներ է փոխանցել հայկական կողմին։ Նույն օրը ՔԿ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմից փոխանցված 2 հայ զինծառայողի մասունքների դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ են նշանակվել՝ անձանց ինքնությունը պարզելու նպատակով։
Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։