Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանի գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, հայտնել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա հավելել է, որ Արցախի նախագահին որևէ մեղադրանք չի առաջադրվել։
«Առերես հարցաքննության ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ»,- շեշտել է փաստաբանը։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ գործով առերեսում է իրականացվել Շահրամանյանի և Գալստյանի մասնակցությամբ։
Ըստ հեռուստաալիքի՝ Գալստյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, և իր ցուցմունքում նշել է, որ պատերազմից հետո կապ է հաստատել Ադրբեջանի հետ՝ Շուշիից արվեստի գործեր հանելու համար։
ՔԿ պետության, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանի խոսքով՝ Գալստյանը նշել է, որ իր ծավալած գործունեության մասին տեղյակ էին որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Վարույթ իրականացնող մարմինը կարողացել է հիմնավորել լրտեսության կամ պետական դավաճանության հանցագործութուններին բնորոշ՝ բջջային հավելվածների միջոցով կապի առկայությունը։ Վարույթն իրականացնող մարմինը կարողացել է գտնել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հիմնավորում են կապն ադրբեջանական հեռախոսահամարների հետ, այդ թվում՝ դրանցից մեկը հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից է օգտագործվում, որոնց վերաբերյալ Գալստյանը հստակ բացատրություն չէր կարողանում տալ»,- ասել է Հայրապետյանը։
ՔԿ-ն հայտնել էր, որ Գալստյանը 2018-2023թթ. Արցախում զբաղեցնելով տարբեր պետական պաշտոններ՝ 2020 թվականի նոյեմբերին կապ էր հաստատել օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների աշխատակցի հետ (Ադրբեջան-խմբ․), ստացել էր «Սարխան» ծածկանունը։ «2020-2023 թվականների ընթացքում հավաքել և ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին էր հանձնել Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումները»,- հայտնել էին Կոմիտեից։