Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն, այդ հարցը վերքի է նման և այդ վերքը պետք է բուժվի, «Ազատությանը» հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանը նշել է, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց, միևնույն ժամանակ, համարում է, որ Արցախի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ «Եթե այդ վերքը չբուժվի, հնարավոր է, որ նորից բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել»,- շեշտել է Սոբհանին:
Իրանի դեսպանը նշել է, որ Կապանում խոսել է արցախցիների հետ և նրանք հայտնել են, որ կամավոր չեն լքել իրենց օջախները։
«Նրանք ասացին, որ կամավոր չեն լքել իրենց տները։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ հեռացել են։ Հույս ունենք՝ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ»,- հավելել է Սոբհանին։
Դեսպանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպես պետք է դա տեղի ունենա` նշելով, որ «պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն»։