Քաղաքաշինության կոմիտեն հրապարակել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակելի տների կառուցման նախագծերը, որոնք նախատեսում են կառուցել արցախցիների բնակարային ապահովման ծրագրի շրջանակներում:
Կոմիտեն առանձնացրել է 5 կազմակերպության կողմից ներկայացված 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որը հետագայում կհամալրվի նոր առաջարկներով։ Հրապարակված 18 նախագծից ութն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր։
Նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին, որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում, կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակով։ Ծրագրի մանրամասները ներկայացված են bnakavayr.am տեղեկատվական հարթակում։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում ՀՀ կառավարությունը հունիսի 14-ի նիստում հաստատել էր արցախցիներին բնակարանի գնման հավաստագրեր տրամադրելու կարգը։
Հավաստագրերը տրամադրվում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ 3-5 մլն դրամ անվանական արժեքով։ Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին Armenia Today-ը պատմել է մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։
Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի հունիսի 14-ի ուղեցույցում։
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ։