Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կազմակերպել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ նրանք քննարկել են հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն և Շահրամանյանի ավտոմեքենայի առգրավումը։
Ըստ թերթի՝ Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է, անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսևորել։ Նա ասել է, որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, սակայն վաղը կարող է լինել ներկաներից յուրաքանչյուրը։
«Խոսքը հատկապես ուղղված է «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել և հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, որ եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի»,- գրել է թերթը։
Ներկաները հասկացել են, որ Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել, եզրափակել է թերթը։
Հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները և տարել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
Շահրամանյանը լրագրողներին հայտնել էր, որ սա ոչ թե մեքենայի, այլ Արցախի մնացորդների վերացման հարց է։