Դատարանն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Դատարանը կայծակնային արագությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ Դավիթ Սարգսյանին արգելելով անգամ երեխայի հետ այցելել խանութ»,- նշել է Երիցյանը։
Նա պարտավորվում է շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:
Ստեփանակերտի քաղաքապետին արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, այցելել զվարճանքի ու սպասարկման ոլորտի վայրեր, հաղորդակցվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ (ընդհանուր՝ 1750 անձ), 7։00-ից մինչև 19։00-ն լքել իր բնակության տարածքը։
Փաստաբանը հիշեցրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր, որ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խափանման միջոց Սարգսյանի նկատմամբ կոնկրետ դեպքում կիրառելի չէ, ուստի լրիվությամբ բավարարել էր բողոքը՝ քաղաքապետին ազատելով տնային կալանքից։ Բայց, նրա խոսքով, դատավորի համար «Վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չի ունեցել»։
Սարգսյանը ձերբակալվել էր մայիսի 25-ին։ Մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր նրան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում է խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հունիսի 13-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։