Հուլիսի 27-ին Երևանի «Պարկ Հաուս» ընտանեկան հանգստի գոտուն կից տարածքում տեղի է ունեցել Shop in Armenia հարթակի շնորհանդեսը, որտեղ ներկայացված է արցախցի այն գործարարների արտադրանքը, ովքեր սկսել կամ շարունակել են իրենց փոքր բիզնեսը ՀՀ-ում և ցանկանում են դուրս գալ ամերիկյան շուկա։
Հարթակը ներկայացնում է Արցախից տեղահանված ավելի քան 100 անհատ արվեստագետների, արհեստավորների, փոքր արտադրություն ստեղծած գործարարների արտադրանքը:
Հարթակը ստեղծողները նպատակ ունեն օգնել գործարարներին դուրս գալ ամերիկյան շուկա և իրենց արտադրանքն արտահանել ԱՄՆ, Armenia Today-ին հայտնել է Shop in Armenia-ի ներկայացուցիչ Մարիամ Սարգսյանը, ով զբաղվում է հարթակում արցախյան արտադրանքի առաջմղմամբ։
Նա շեշտել է, որ հարթակի հիմնական գաղափարը ոչ թե օգնելն է, այլ համագործակցելը։
«Արցախցիները ոչ թե ինչ-որ օգնության են սպասում, այլ արդեն իսկ ունեն պատրաստի բիզնեսներ և սպասում են գործընկերության հայտերի, որպեսզի միասին աշխատեն և կարողանան իրենց արտադրանքը վաճառել: Այդ պատճառով ընտրվել է «Ոչ թե օգնիր ինձ, այլ աշխատիր ինձ հետ» կարգախոսը»,- նշել է նա:
Կազմակերպիչները նախատեսում են ընդլայնել հարթակը՝ նոր մասնակիցներ ներառելով ծրագրի երկրորդ փուլում, նաև մտադիր են ընդլայնել աշխարհագրությունը, որպեսզի այլ երկրներից արցախյան մշակույթով և արցախյան ապրանքանիշերով հետաքրքրվողները կարողանան ապրանքներ պատվիրել։
«Սա հնարավորություն և միջոց է նպաստելու բնօրրանից կտրված արցախցի մեր հայրենակիցներին՝ իրենց գործունեությունն ու արտադրությունը կազմակերպելու, կայուն եկամուտ ապահովելու, մինչև Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծվելը, Հայաստանում մնալու և արարելու համար»,- նշել են կազմակերպիչները։