Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
Թերթը հիշեցրել է, որ գեներալ-մայոր Վարդանյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո՝ սեպտեմբերի 11-ին։ 2022 թվականի հունվարին նրան գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում էր շնորհվել։
«Արցախը հանձնելուց առաջ Վարդանյանը նաև ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին»,- գրել է թերթը՝ նշելով, որ «հայրենիքի և սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել»։
Վարդանյանը, պարզաբանելով իր պաշտոնի ստանձնումը, օրաթերթին ասել է, որ ինքը մնացել է ՊԲ-ում՝ մինչև այնտեղից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Նա նաև շեշտել է, որ «պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին, այլև բոլոր պատերազմներում»: