Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, որի եղբորը՝ Արամ Երիցյանին, մեղադրանք են առաջադրել պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով և ձերբակալել, մեկնաբանել է դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունները։ Նա նշել է, որ ՔԿ-ի հրապարակած տեսանյութը կիսատ է և չի արտացոլում իրականում տեղի ունեցածը։
Նրա խոսքով՝ ավտոմեքենային մոտենալուց հետո եղբայրն ասել է, որ չնայած մեքենան իրեն է պատկանում, բայց ինքը չի վարում այն։
Երիցյանը նշել է, որ երբ փորձել են եղբորը խուզարկել բանալին գտնելու համար, վերջինս ասել է, որ ցանկանում է զանգել փաստաբանին ու թույլ չի տալիս խուզարկել իրեն։ «Դրանից հետո ասում են, որ նրան տեղափոխում են ոստիկանական բաժին՝ առանց նշելու ձերբակալման հիմքը։ Նկատելով, որ եղբայրս դեմ է այդ գործողությանը, պարեկները ուժով են փորձում ձերբակալել, ինչին եղբայրս ընդդիմանում է՝ անկանոն շարժումներ կատարելով, քանի որ գտնվում էր շոկային վիճակում և չէր հասկանում ձեռնաշղթաներով ձերբակալության պատճառը»,- Facebook-ի ուղիղ եթերում ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այդ պահին Երիցյանի մոտ երկու պարեկ էին։
Երիցյանը հայտնել է, որ հրապարակված տեսանյութում ցույց է տրվում միջադեպի փոքր մասը, որտեղ եղբայրը դիմադրում է, սակայն դրանից հետո եղբայրն «ընկնում է գետնին, որից հետո պարեկային ծառայողները նրա նկատմամբ կիրառում են արցունքաբեր գազ, հագցնում ձեռնաշղթաներ և բազմաթիվ հարվածներ հասցնում մարմնի տարբեր հատվածներին»։
Երիցյանը նաև պատմել է, որ ձերբակալելու ընթացքում և ոստիկանության Արաբկիրի բաժնում, ուր ծեծել և արցունքաբեր գազ կիրառելուց հետո տարել են եղբորը, ոստիկանության աշխատակիցները հայհոյանքներ են հնչեցրել՝ ոչ թե եղբոր անձով, այլ արցախցի լինելու հանգամանքով պայմանավորված։ Նրա խոսքով՝ այդպիսի վիրավորանքներ հնչեցվել են նաև նրան ձերբակալելու ժամանակահատվածում։
Երիցյանը հավելել է, որ ոստիկանությունը խուսափում է ձայնագրությունը և ամբողջական տեսագրությունը հրապարակելուց։
Նա նաև կեղծ է որակել պարեկային ծառայողի այն հայտարարությունը, թե իբր նրա առողջությանը վնաս է հասցվել։
Երիցյանը համոզմունք է հայտնել, որ այս ամենը կապված է Արամ Երիցյանի՝ իր եղբայրը լինելու և իր փաստաբանական, իրավապաշտպան ակտիվ գործունեության, արցախցի լինելու հետ։
Փաստաբանը նաև կոչ է արել չլռել և պայքարել պարեկային ծառայողներին պատասխանատվության ենթարկելու համար։ «Եկել է այն պահը, որ խնդրում եմ բոլոր արցախցիներին չլռել։ Սա վերաբերմունք չէ, որ ՀՀ իշխանությունները, իրավապաշտպան մարմինները ձեռնարկում են արցախցիների նկատմամբ՝ սկսած անհարկի վարչական պատասխանատվության ենթարկելուց և վերջացրած Արցախի ներկայացուցչության դռները ոստիկանության հատուկ ուժերի կողմից ջարդելուց»,- շեշտել է նա։
Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը՝ Արամ Երիցյանին, մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։ Երիցյանը օգոստոսի 1-ին Armenia Today-ին հայտնել էր, որ իր «եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով»։ Նա ահազանգել էր, որ եղբայրը զրկված էր պաշտպանության իրավունքից։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության Արաբկիրի բաժնում առանձնազրույց էր ունեցել Երիցյանի եղբոր հետ։
ՆԳ նախարարությունը օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ և կեղծ որակել այն՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։ Օգոստոսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Արամ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։