Վատիկանի «L’Osservatore Romano» պաշտոնաթերթում հրապարակված «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է, հայտարարել է ՀԱԵ Արցախի թեմը։
Արցախի թեմը շեշտել է, որ հոդվածը տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ է:
Նշվում է, որ այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»:
«Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերենով գրված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արցախի թեմը շեշտել է, որ նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ:
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կոչ էր արել ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին արձագանքել Վատիկանում լույս տեսած «Քրիստոնեության ծագումն Ադրբեջանում» հրապարակմանը, որտեղ հեղինակը հայկական հուշարձաններն անվանում է Ալբանիայի առաքելական եկեղեցիների ժառանգություն։
Մարտին ադրբեջանական լրատվամիջոցները ոչ միայն «ալբանական» էին անվանել օկուպացված Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցին, այլև մեղադրել են հայերին «ալբանական հուշարձանները» ոչնչացնելու համար։ Ադրբեջանցի հնագետները հունվարին «հետախուզական պեղումներ» էին իրականացրել Արցախի Հադրութի շրջանի օկուպացված Տող գյուղի մելիքների կալվածքի բակում՝ գյուղի տարածքում գտնվող հուշարձանները ներկայացնելով որպես «ալբանական»։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարին հայտնել էր, որ Բաքուն փորձում է յուրացնել Սաղմոսավանքը և Նորավանքը՝ Հայաստանի օկուպացման ծրագրերի շրջանակներում։
2023թ․ դեկտեմբերին Ադրբեջանը հայտարարել էր Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական թանգարան վերակառուցելու մասին։ 2023թ․ մայիսին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դատապարտել էր Արցախի պատմության կեղծումը և նրա հայկական ժառանգության «ալբանականացումը»։