Հայաստանում բացվել է Shop in Armenia առցանց խանութը: Նախագծի հեղինակները մեկ տեղում միավորել են Արցախից բռնի տեղահանված այն գործարարների ձեռագործ աշխատանքները, ովքեր սկսել են իրենց բիզնեսը Հայաստանում կամ շարունակել են արդեն գործողը։ Շնորհանդեսին ներկա էր Armenia Today-ի նկարահանող խումբը։ Նախագծի հեղինակը Global USA-ն է, որին, որպես ինֆորմացիոն հովանավոր, աջակցում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը։
Ծրագրի մյուս գործընկերy Park House-ն է, որը շնորհանդեսի օրը կազմակերպել էր ներկայացվող ապրանաքատեսականու ցուցահանդես-վաճառք․ ներկայացված էին արցախցի սկսնակ բիզնեսմենների ձեռագործ աշխատանքները:
«Shop in Armenia հարթակն է այսօր վերագործակվել: Սա արդեն իրականություն է: Աշխարհի ցանկացած կետում, ովքեր կցանկանան ձեռք բերել արցախյան արտադրանք, պարզապես հարթակի միջոցով կարողանալու են պատվիրել իրենց ուզած ապրանքը: Աջակցող ընկերությունները նաև բեռնափոխադրող ընկերություններ են և կարող են արցախյան արտադրանքն արագ հասցնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գնումներ կատարել»,- Armenia Today-ին ասաց հովանավոր Արթուր Մկրտչյանը:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը պատմեց, թե ինչպես է առաջացել հարթակի ստեղծման գաղափարը։ Այն «Ինձ մի՛ օգնիր, աշխատի՛ր ինձ հետ» սկզբունքի վրա է հիմնված: Եսայանն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի ժողովրդին, որպեսզի արժեք ստեղծեն:
«Գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ ընկերներով խոսում էինք, այստեղ էր նաև Global USA ընկերության տնօրեն Միքայել Հայրապետյանը, քննարկեցինք, թե ինչպես կարող ենք տեղահանված մեր հայրենակիցների համար այնպիսի ծրագիր իրականացնել, որն իրենց կկապի Հայատանի հետ և հնարավորություն կտա, որ իրենց ձեռագործ աշխատանքները վաճառեն և մնան Հայաստանում, արմատներ գցեն և չմտածեն Հայաստանից դուրս գալու մասին»,- նշեց նա:
Ձեռագործ աշխատանքներից մինչև փախլավա ու ժենգյալով հաց․ Armenia Today-ի թղթակիցը զրուցել է նաև գործարար մասնակիցների հետ: Ստեփանակերտից Վիկտորյա Աբրահամյանը պատմեց, որ ցուցահանդեսին ներկայացնում է սկեսրոջ պատրաստած ընտանեկան ապրանքանիշը՝ «Սերուն»-ը։
«Ներկայացնում եմ սկեսուրիս բրենդը՝ «Սերուն»: Փախլավաներ և գաթաներ է թխում՝ պոպոքով, այսպիսի համով բաներ է պատրաստում: Ի դեպ՝ «Սերուն» բառն արցախյան բարբառով նշանակում է կարգին, լավ, իսկական»,- ոգևորությամբ պատմեց Վիկտորյան:
Dream ապրանքանիշի հիմնադիր, շուշեցի 18-ամյա Գայանե Բաղիշյանը մեզ պատմեց, որ մի օր որոշեց հոբբին վերածել բիզնեսի․ նվիրելու փոխարեն ստեղծածը վաճառել: Ձեռագործ տիկնիկներ սիրողներ շատ կան, գործն այնքան էլ եկամտաբեր չէ, քանի որ հումքը թանկ է և պետք է շատ աշխատել յուրաքանչյուր խաղալիքի վրա, ուստի գինը բարձր է, բայց երիտասարդ բիզնեսմենը չի դժգոհում:
«Իմ բիզնեսն ստեղծվել է պատերազմից հետո: Տեսնելով երեխաների տխուր դեմքերը՝ որոշեցի իմ ձիրքով ուրախություն պարգևել նրանց՝ պատրաստում էի զարդեր, խաղալիքներ և նվիրում նրանց: Մի օր հասկացա, որ արժե իմ սեփական բիզնեսը բացել, մտնել հայկական շուկա և այդ ժպիտը պարգևել բոլորին»,- նշեց Գայանեն:
Ձեռագործ աշխատանքի սիրահարներին արցախցի Վարդիկ Սարգսյանն առաջարկում է իր «Վարդենի Արցախ» ապրանքանիշի տարբեր ձեռագործ զարդեր՝ Արցախի խորհրդանիշներով և իր երկրի տեսարժան վայրերով։ Եկեղեցիների կամ հերոսների կերպարանքները ճշգրիտ վերարտադրելու գործում նրան օգնել է 3D տպիչի դիզայնը՝ ասաց նա և հավելեց, որ ձեռագործ զարդերի բիզնեսի հիմքը բնական ծաղիկներն ու քարերն են Արցախից։ Ասում է՝ հումքը կբավարարի՝ մինչև Արցախ վերադառնալու հնարավորություն լինի։
«Սկզբնական շրջանում արծաթյա զարդեր պատրաստում էի ծաղիկներով: Կաղապարների մեջ էպօքսիդային խեժի միջոցով բնական ծաղիներն անմահացնում էի, այնուհետև սկսեցի Արցախի պատմամշակութային կոթողները վերածել զարդերի՝ 3D մոդելավորման շնորհիվ ստեղծեցի կախազարդեր: Այժմ ունենք Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու և հրեշտակի կաղապարը, ինչպես նաև Գանձասարի, Ամարասի, Ճարտարի, Բերդաշենի խորհրդանիշների և Արցախի դրոշով հավաքածուներ»,- թվարկում է բրենդի հիմնադիրը:
Ցուցահանդեսի մեկ այլ մասնակից՝ Sunny Artsakh ապրանքանիշի հիմնադիր Էլինա Աղաջանյանը, հրավիրեց անուշաբույր թեյեր փորձելու, ապա առաջարկեց մրգային բնական չիպսեր ու չրեր:
«Մեզ մոտ հիմնականում մրգային չիպսեր և թեյեր են, ունենք նաև չրեր: Պատրաստում ենք բնական պայմաններում՝ առանց հավելումների և առանց շաքարի: Հիմա պատրաստում ենք տան պայմաններում, սակայն հուսով ենք հետագայում ունենալ փոքրիկ արտադրամաս»,- պատմեց Էլինան։
Արցախցի բիզնեսմեն Գրիգորի Ավանեսյանը բոլորին առաջարկում է փորձել իր պատրաստած վարդի մուրաբան: Արցախում թողած վարդի այգու կարոտով այստեղ՝ Հայաստանում, Գրիգորի պապը սիրով նույն վարդերից է աճեցնում: Գորիգորի պապի խոսքով՝ իրենց արտադրած մուրաբաներից ամբողջ Երևանում չի գտել։
«Մեծ այգի ենք ունեցել, որտեղ վարդեր են աճել, հիմա էլ Հայաստանում ենք վարդի այգի հիմնել: Իմ պատրաստած վարդի մուրաբաներից և հյութերից Հայաստանում, ինչքան տեսել եմ, չկա»,- ասաց նա:
Չնայած դժվարություններին՝ նա հույս ունի տուն վերադառնալ: «Մեզ մեր հարևան «ազգասերն» ասաց՝ տեղափոխվեք Երևան, հետո կգաք, մենք էլ սպասում ենք»,- հումորով ու կարոտով նշեց Գրիգորի պապը:
Բռնի տեղահանվելուց հետո այս մարդիկ Արցախի փոքրիկ պատառիկները փորձում են սփռել աշխարհով մեկ, բայց հարցի լուծման համար պետական աջակցության կարիք են զգում:
Armenia Today-ը ցուցահանդեսի մասնակիցներից հետաքրքրվեց, թե ներկայացված գործարարներից ակնկալո՞ւմ են արդյոք կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան՝ մեծամասնությունը մեզ ասաց, որ իրենք փորձում են ինքնուրույն գտնել իրենց տեղը շուկայում և բիզնեսի զարգացումը չեն կապում պետությունից արտոնություններ ստանալու հետ: Ընդամենը երկուսն են հույսը կապել պետության հետ ու դիմել աջակցության: Բայց ավելի քան մեկ տարի է՝ սպասում են իրենց հերթին, 2-ն էլ մասնավոր կազմակերպություններից են աջակցություն ստացել՝ ուսուցման և ֆինանսավորման տեսքով։
Այսպիսով՝ Shop in Armenia-ն արցախյան բիզնեսի համար կդառնա Հայաստանին և աշխարհին ճանաչելի դառնալու ևս մեկ հնարավորություն:
Shop in Armenia-ի ներկայացուցիչ Մարիամ Սարգսյանը, ով զբաղվում է հարթակում արցախյան արտադրանքի առաջմղմամբ, Armenia Today-ին հայտնել էր, որ հարթակն ստեղծողներն սկզբնական շրջանում նպատակ ունեն օգնել գործարարներին դուրս գալ ամերիկյան շուկա և իրենց արտադրանքն արտահանել ԱՄՆ։
Մանրամասները՝ տեսանյութում։