Ադրբեջանի իշխանություններն սկսել են Արցախում գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Պապ և տատիկ») հուշարձանի յուրացման գործընթացը, գրում է Monument Watch-ը։
Նշվում է, որ օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածել է հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»։
Monument Watch-ն ընդգծում է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է և որ այն ստեղծվել է որպես նշան և խորհուրդ երկրամասի հայ ինքնության:
«Ավանդական կեցվածքով և արտաքինով տարեց ամուսնական զույգը հավսատումն էր արցախահայերի պատմական անցյալի և ապագա հույսերի»,- ասվում է հայտարարության մեջ:
Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։