ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի պատգամավորներն Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի և Ուրուգվայի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիի հետ քննարկել են հնարավոր միջոցներով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը, հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքներում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցին։
Պատգամավորը հավելել է, որ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն ու փոխնախագահը կարևորել են հայ համայնքի դերակատարությունն Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում, ընդգծել նրա միասնականությունը, դրական գնահատել երկու երկրներում դեսպանությունների բացումը:
Ուրուգվայից ժամանած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ ԱԺ-ն օգոստոսի 13-ին հայտնել էր, որ օգոստոսի 28-31-ը Հայաստան կժամանի Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը։