Արցախյան 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիներին Շենգենյան վիզաներ չեն տրամադրում, ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ տարվա սկզբին այդ խնդիրը չկար, իրեն դրա մասին որևէ տեղեկություն չի հասել, առաջին դեպքերն արձանագրվել են մարտ-ապրիլ ամիսներին։
Նա մասնավորեցրել է դեսպանատների մի քանի պատասխաններ, որոնք ստանում են արցախցիները։
«Դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի․ դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են Շենգենյան վիզա, խոսքը, մասնավորապես, Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում, օրինակ, գիտեմ, որ նույն անձին Գերմանիայի դեսպանատունը մերժել է, ընթացք չի տվել, հետո հրավիրող կողմն առանձին նամակով դիմել է, որից հետո տվյալ անձին կանչել են հարցազրույցի և տրամադրել վիզա: Եվ կան դեսպանատներ, որոնք որևէ ձևով չեն ընթացքավորում վիզայի տրամադրումը»,- ասել է նա՝ նշելով Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Իսպանիայի դեսպանատները:
Ստեփանյանի խոսքով՝ իրենց կողմից բարձրաձայնելուց հետո դիվանագիտական ներկայացուցչությունների միջև քննարկում է տեղի ունեցել և որոշվել է ընթացքավորել, սակայն պատկերն, իրականում, այլ է։
«Փաստացի, ոչ թե դիմումն ընդունում ու մերժում են, այլ 070 կոդով անձնագիր ունեցողների դիմումն ընդհանրապես չեն ընդունում: Նաև դեսպանատներից կոնկրետ անձանց պարզաբանել են՝ ՀՀ կառավարության հայտարարությունների հիման վրա չեն կարող հավաստիանալ, որ 070 կոդով անձնագրերը վկայում են ՀՀ քաղաքացիության մասին, հետևաբար, չեն կարող դիմումն ընթացքավորել: Դա պաշտոնական հիմնավորումն է»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։