Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել հանրաքվե, որը հաստատել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցել էր հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկել էին անկախության օգտին։
1991-ի դեկտեմբերին տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություն։ Ձևավորվել էր հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի էր ունեցել Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունել էր Արցախի Հանրապետության Անկախության հռչակագիրը։
2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է երկրորդ հանրապետությունից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով` զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել` 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։