Սուտ թեզ է, Արցախի Հանրապետության օրը՝ սեպտեմբերի 2-ին, «Եռաբլուր» այցի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողներին այսպես է մեկնաբանել օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումն ստորագրելու հետ ինքն առնչություն չունի և պատասխանատուն Արցախի իշխանությունն է։
«Տեղահանվելով Հայաստան՝ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որի հիմքում ՀՀ անվտանգությանը չվնասելն է։ Ես Արցախի բոլոր պաշտոնյաներին տեղեկացրել եմ, որ մեզ համար ՀՀ անվտանգությունն առաջնահերթություն է, և ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացնում են ՀՀ իշխանությունները։ Սակայն տեսնում ենք, որ տարբեր առիթներով Արցախի լուծարման հետ կապված հարցը մանիպուլացվում է։ Փաստաթուղթը, որը մենք ստիպված էինք ստորագրել, օգնել է խաղաղ բնակչությանն ապահով տեղափոխել ՀՀ»,- ասել է Շահրամանյանը։
Նա ընդգծել է, որ մինչ այն ստորագրելն իմացել են, որ փաստաթուղթը հակասահմանադրական, հակաօրինական է։
«Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել, պաշտոնապես չի հրապարակվել իրավական համակարգում։ Երբ տեղահանվեցինք ՀՀ՝ լսեցինք բնակչության կարծիքը։ Նրանք բոլորը չեն ցանկացել ինտեգրվել Արդրբեջանին ու իրենց հայրենիքը թողնելու որոշում են կայացրել։ Որոշում ենք կայացրել ստորագրել այդ փաստաթուղթը, ինչի մասին գրավոր տեղեկացրել եմ Հայաստանի վարչապետին։ Եվ այսօր խոսել այն մասին, թե այդ փաստաթուղթն իրավական ուժ ունի, անիմաստ է և իրականությանը չի համապատասխանում»,- հավելել է նա։
Շահրամանյանը նաև հայտնել է, որ չի հանդիպել Փաշինյանին և նման փորձել էլ չի արել։
«Մեր հանդիպումը պետք է տեղի ունենար, ինչը բնական է, սակայն մինչ օրս չենք հանդիպել ու ոչ մի հարց չենք քննարկել»,- նշել է նա։
Շահրամանյանը համաձայն չէ նաև Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Արցախ վերադառնալու շուրջ առկա ձևակերպումները հակասում են ՀՀ պետական շահերին։
«Տեղյակ չեմ, թե այդ հարցով ում կողմից և ինչ փաթեթներ են ներկայացվել ՀՀ կառավարությանը։ Մենք տարբերակներ և որևիցե առաջարկ չենք քննարկել ՀՀ կառավարության հետ։ Արցախ վերադարձը մեր իրավունքն է, ինչը չի կարող խոչընդոտել և հակասել ՀՀ պետական շահերին»,- ընդգծել է Արցախի նախագահը։
Խոսելով Արցախի Հանրապետության օրվա մասին՝ Շահրամանյանն ասել է, որ այն մշտապես նշում էին որպես տոն, բայց այսօր այն ավելի շատ դառնության օր է։
«Մեծ հույսեր ունենք, որ կվերադառնանք հայրենիք, և այդ հարցը մշտապես մեր օրակարգում է։ Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը գլխավորում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում՝ Արցախ հնարավոր վերադարձի հարցերը քննարկելու նպատակով։ Բազմաթիվ են տարբերակներն ու առաջարկները։ Արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալու, սակայն մեր վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային երաշխիքներով։ Ամենակարևորը՝ պետք է ապահով զգանք մեր հայրենիքում»,- շեշտել է նա։
Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ՀՀ իշխանությունների խնդիրն է։
«Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելու հարցում պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»,- եզրափակել է նա։
Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։