Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե արցախահայության վերադարձի վերաբերյալ հայտարարությունները վնասում են ՀՀ պետական շահին, միայն իր ընկալումն են և տեղավորվում են Արցախի հարցի «նշաձողն իջեցնելու» քաղաքանության մեջ, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, լրագրողներին ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ենթադրում եմ, որ երբ խոսում ենք վերադարձի մասին ու այն փոխկապակցում ինքնորոշման իրավունքի հետ, հավանաբար, դա Փաշինյանի համար Հայաստանի պետական շահին դեմ գնացող արտահայտություն է, բայց դա ընդամենն իր ընկալումն է։ Այդ հայտարարությունն, այսպես կոչված, նշաձողի իջեցման խոսույթի և նույն քաղաքականության շարունակությունն է, ինչը հանգեցրել է նրան, ինչ ունենք։ Անձամբ իմ անունից կարող եմ ասել, որ չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին և այդ իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ։ Պատմությունն է ցույց տվել, որ Արցախի ժողովրդի՝ Արցախում ֆիզիկական գոյության միակ և օրինական ճանապարհն ինքնորոշված Արցախն է»,- նշել է Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։
«Իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը։ Շատերը կասեն՝ անիրատեսական է, բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել այն իրավունքից, որն արձանագրվել է միջազգային դատական ատյանի կողմից։ Այսօր չլինի՝ վաղը, մյուս օրը կարող է իրականություն դառնալ։ Չեմ փակելու Արցախի թեման, մինչև որ կկարողանամ ինչ-որ ձևով հասնել իրավունքի իրացմանը»,- ընդգծել է նա։
Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ արցախահայության խնդիրներից Ստեփանյանն առաձնացրել է սոցիալ-կենցաղային, իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրները, ընդգծել նաև ատելության խոսքի մասին, որին բախվում են արցախցիները։
Խոսելով հայ գերիների խնդրից՝ նա նշել է, որ հարցի լուծումը և՛ քաղաքական, և՛ իրավական դաշտում է։
«Եթե իրավական, մասնավորապես, ՄԻԵԴ-ի միջոցով մարդկանց պայմանների, առողջական վիճակի մասին պարբերաբար տեղեկություն ունենալու հարցում գործընթացներ կան, ապա քաղաքական դաշտում խիստ պասիվություն է։ Փաշինյանի ասուլիսի ժամանակ խոսվեց ոչ տեսանելի գործողությունների մասին։ Համենայն դեպս, կարող եմ ասել, որ այդ գործողություններն անգամ հարազատները չեն տեսնում։ Եթե այս ուղղությամբ կան աշխատանքներ, ապա հանրությունը և նրանց հարազատները պետք է դրանց մասին հավուր պատշաճի տեղեկացված լինեն»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը։
Ստեփանյանը նկատել է, որ ադրբեջանական խոսույթում հունվարից սկսած այլևս չեն խոսում արցախցիների վերադարձի իրավունքի մասին։
«Նրանք ընդհանրապես փակել են այդ թեման։ Եթե փակած չլինեին, Ստեփանակերտը մեծ տեմպերով չէին բնակեցնի, ստեփանակերտցիների տները չէին յուրացնի։ Եթե սկզբից միջազգային հանրության աչքերի մեջ թոզ փչելու համար նման հայտարարություններ էին անում, հիմա դա էլ չեն անում, որովհետև տեսել են, որ նաև Հայաստանն է փակել այդ թեման»,- եզրափակել է ՄԻՊ-ը։
Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:
2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։