Սեպտեմբերի 7-ին Երևանի «Երազ» այգում տեղի է ունեցել Արցախին նվիրված միջոցառում։ Այգու տարածքում գործել է արցախյան արտադրողների արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ։ Արցախյան թեմատիկայով տաղավարներում ներկայացվել են արցախցիների պատրաստած ձեռագործ իրեր, արցախյան ուտելիքներ ու հուշանվերներ։
Ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ գոտում անցկացրել են արցախյան ճաշատեսակների (արցախյան գաթա, ժենգյալով հաց, կուրկուտ) պատրաստման վարպետաց դասեր։ Արցախի օրը նաև կազմակերպվել են ասեղնագործության, նկարչության, կավագործության, կարպետագործության վարպետաց դասեր:
Ազգային տարազը գնահատողները հնարավորություն են ունեցել լուսանկարվել «Տերյան» մշակույթի կետրոնի կողմից կարված արցախյան տարազներով։
«Մեր անգին ժառանգությունն ու պատմությունը կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ կան դրա կրողները և քանի դեռ դրանք փոխանցվում են սերնդեսերունդ, պահպանվում ու հիշվում ամեն օր։ Մենք կլինենք, քանի դեռ կա մեր մշակույթը, մեր լեզուն»,- համոզմունք են հայտնել կազմակերպիչները։
Այգում գործում էր նաև մանկական տարածք՝ փոքրիկների համար նախատեսված միջոցառումներով։ Արցախյան բարբառը լսվում էր ամենուր։
Միջոցառումը եզրափակվել է համերգային ծրագրով, որի սկզբում հնչել են Հայաստանի և Արցախի օրհներգերը, մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի և Արցախի անկախության համար մղվող պատերազմներում զոհվածների հիշատակը։
«Երազ» այգում կազմակերպված միջոցառումը Հայաստանում տեղի ունեցած առաջին մասշտաբային միջոցառումն է՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով արցախցիների բռնի տեղահանումից հետո։
Ապրիլի 7-ին Երևանում 2-րդ անգամ տեղի էր ունեցել «Վըսկե ծերքեր» տոնավաճառ-փառատոնը, որտեղ Արցախից բռնի տեղահանված 65 արտադրող ներկայացրել էր իր աշխատանքները՝ ձեռագործ իրերից, զարդերից մինչև տարատեսակ արցախյան ուտեստներ։
2023թ. դեկտեմբերի 17-ին կայացել էր «Վըսկե ծերքեր» առաջին փառատոնը, որին ներկայացվել էին ավելի քան 50 արցախցիների ձեռքի աշխատանքներ և արտադրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։