Արցախի ԱԺ պատգամավորները շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ, հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին այսօրվա հայտարարությանը։ Նա նաև մեջբերել է Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (Արցախի ԱԺ-խմբ․) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:
«Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ գործունեությանը՝ 2023թ․ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ Արցախի ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,- շեշտել է նա:
Բաղունցը հիշեցրել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:
«Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել էր լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը։ Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանում ԼՂ ներկայացուցչության շենքի իմաստը ևս պետք է վերանայել։